Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է

Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։

Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։

Դրան նպաստել է այս տարվա փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» Կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Արդյունքում՝ փետրվարին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։

Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում