Անկախ ՀԱՊԿ-ը գլխավորող անձից Ռուսաստանն ու Հայաստանը կառույցում լուրջ համագործակցություն ունեն. քաղաքագետ

Անկախ ՀԱՊԿ-ը գլխավորող անձից Ռուսաստանն ու Հայաստանը կառույցում լուրջ համագործակցություն ունեն. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրական է գնահատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակումը, սակայն կարծում է, որ դրանով Հայաստանի համար իրավիճակ չի փոխվի: «Իհարկե, դա վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի: Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում լուրջ համագործակցություն ունեն, որը պայմանավորված չէ այդ կառույցը գլխավորող անձերով»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ կգա ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվեն կազմակերպության անդամ այլ երկրների ներկայացուցիչներ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ երկրների համար վիճակը կփոխվի:

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելը ձգձգելուն` քաղաքագետը վստահեցրեց, որ դա Հայաստանի հետ որևէ կապ չուներ: «Դա կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ: Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն ամեն հարթակ օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ այդ երկրները (Բելառուսը ևՌուսաստանը- խմբ.) գալիս են ինչ-որ համաձայնության: Դա տեղի ունեցավ նաև այս դեպքում»,- մանրամասնեց քաղաքագետը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2017թ. մայիսի 2-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում