«Ելք» դաշինքը ինքնաբերական ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի. Զարուհի Փոստանջյան

«Ելք» դաշինքը ինքնաբերական ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի. Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ ընտրություններից հետո կարող են ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել «Ելք» դաշինքում ներգրավված որոշ անձանց հետ:

Ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը չմիավորվեցին, պատասխանեց, որ «Ելք» դաշինքը ինքնաբերական ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի:

«Ես չգիտեմ՝ նրանք կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ: Այնտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով ու գաղափարներով և, հետևաբար, միասնական չեն: Մեր անկախության 25 տարվա փորձն էլ ցույց է տվել, որ փոքր խնդիրներ լուծելու շուրջ միավորումները արդյունավետ չեն և դատապարտված են ձախողման, եթե միավորվող ուժերը չունեն նույնանման գաղափարներ և մոտեցումներ»,- մանրամասնեց Փոստանջյանը:

Նա հավելեց, որ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված են անձինք, ում ինքն անձամբ ճանաչում է, և նրանց հետ իրենք կարող են ինչ-որ հարցերում համագործակցել, սակայն շեշտեց, որ իրենք գնում են քաղաքապետարանը վերցնելու:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը և կարգախոսը կհրապարակվի ապրիլի 21-ին` նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը: Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց ծրագիրն էականորեն տարբերվում է անկախության 25 տարին Հայաստանի քաղաքական դաշտում եղած բոլոր քաղաքական ուժերի ծրագրերից: Նա նշում է, որ իրենց գործունեության առանցքում այն գաղափարն է, որ սփյուռքի հայերն անմիջական մասնակցություն պետք է ունենան Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում