Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչն ընդունել է մեղքը

Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչն ընդունել է մեղքը

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործի ֆիգուրանտ Աբրոր Ազիմովը չի ժխտում իր մասնակցությունը հանցագործությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արմեն Զադոյանը: 

«Նա մեղքն ընդունում է ամբողջ ծավալով»,-ապրիլի 18-ին ասել է դատապաշտպանը Մոսկվայի Բասմանյան դատարանի նիստից առաջ:

Ինչպես նշվել է, հետաքննությունը խնդրում է դատարանին՝ ձերբակալել Պետերբուրգում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ազիմովին:

Ազիմովը կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (ահաբեկչական գործողություն, որը հանգեցրել է մարդու մահվան) եւ 222.1 հոդվածի երկրորդ մասով (պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն) նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Աբրոր Ազիմովին հաջողվել է բռնել միացված հեռախոսի շնորհիվ: «Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ նրան բռնել են՝ վերլուծելով մահապարտ Աքբարժոն Ջալիլովի շփումները: Հենց Ազիմովին է ահաբեկիչը զանգահարել ինքնապայթեցումից առաջ, հավանաբար, հայտնելով ակցիան կատարելու պատրաստության մասին:

Կասկածյալին փնտրել են մի քանի օր, քանի որ պայթյունից հետո նա թաքնվել է. չի հայտնվել վարձու բնակարանում եւ ազատվել է բոլոր հեռախոսներից: Ապրիլի 17-ին նա գնել է նոր շարժական հեռախոսներ եւ սիմ-քարտեր: Ակտիվացներով քարտերից մեկը՝ նա մատնել է իր գտնվելու վայրը:

Ազիմովին ձերբակալել են Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի երկաթուղային անցուղու մոտ: Ձերբակալելիս նրա մոտ գտել են Մակարովի ատրճանակ ու զինամթերք:

Ապրի լի 3-ին Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ-2» կայարանների միջեւ ընկած տեղամասում որոտացել է հուժկու պայթյուն: Ռումբը գործողության մեջ է դրել մահապարտ ահաբեկիչը, զոհվել է 15 մարդ: Ավելի ուշ «Պլոշչադ Վոստանիա» կայարանում գտել են եւս մեկ ռումբ, որը հաջողվել է վնասազերծել: Գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ութ կասկածյալներ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում