Հայ-արգենտինական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման բավականին մեծ միտում կա. դեսպան

Հայ-արգենտինական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման բավականին մեծ միտում կա. դեսպան

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առևտրատնտեսական կապերը բավականին բարձր մակարդակի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-23 նախատեսված «Արգենտինական գինու շաբաթ» խորագրով միջոցառումներին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Ինչպես գիտեք, Արգենտինան Հայաստանում գլխավոր ներդրող երկրներից մեկն է: Ունենք բավականին մեծ թվով արգենտինահայ գործարարներ, որոնք այստեղ իրենց գործունությունն են ծավալում եւ մեծապես նպաստում են այդ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի եւ Արգենտինայի առևտրատնտեսական հարաբերությունները բավականին հետաքրքիր, դինամիկ զարգացում են ապրում եւ վերջին տարիներին, իսկապես, զարգացման բավականին մեծ միտում կա: Արգենտինան մշտապես բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական, քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ առեւտրատնտեսական հարաբերությունների շրջանակում մեծ գործունեություն է ծավալվում հատկապես գյուղատնտեսության ոլորտում, աշխատանքներ են տարվում զբոսաշրջության կոմիտեի հետ՝ ուղղված զբոսաշրջիկների փոխայցելությունների աճի խթանմանը:

«Արգենտինայի համար իսկապես շատ կարեւոր են Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես մեծաթիվ սփյուռքի ներկայությունը Արգենտինայում: Նկատվում է զարգացման այդ դրական միտումը, որը Հայաստանի տնտեսական կյանքի վրա ազդեցություն կունենա»,- եզրափակեց Արգենտինայի դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում