Հայ-ֆրանսիական բարեկամությունը պայծառ ապագա ունի. Ֆիյոն

Հայ-ֆրանսիական բարեկամությունը պայծառ ապագա ունի. Ֆիյոն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայ-ֆրանսիական բարեկամության համար տեսնում է երկար ու պայծառ ապագա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:

«Այսօր մեր երկրում բնակվում է հայկական ծագում ունեցող 500 հազար ֆրանսիացի: Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերը միշտ էլ եղել են ամուր: 1909 թվականին ֆրանսիական նավատորմն օգնել է Կիլիկիայի հայերին: Մեր նավերը եղել են այնտեղ նաև 1915թ-ին: Այս ողբերգական պատմությունը ստեղծել է սերտ կապեր: Ֆրանսիան եղել է առաջին նպատակակետ երկիրը հայ փրկվածների համար, նրանք առանց քաղաքացիության են եղել և դարձել ֆրանսիացի: Բացի այդ, նրանք երկու համաշխարհային պատերազմների ընթացքում` արյան պայքարում, եղել են մեր կողքին»,- անդրադառնալով երկու երկրների միջև կապերին` ընդգծել է Ֆիյոնը:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ողջունել է հատկապես երկու երկրների միջև կրթական համագործակցությունը և կարևորել դրա պահպանումը: Այդ առումով, Ֆիյոնն ընդգծել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի առկայությունը և հավելել նաև, որ Հայաստանը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ:

«Մի մոռացեք նաև մեր տնտեսական համագործակցությունը: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանում եվրոպական առաջին խոշոր ներդրողը: Այս հարաբերություններն ամուր են և շարունակում են զարգանալ: Ֆրանս-հայկական բարեկամությունն ունի երկար և պայծառ ապագա»,– ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում