Նախարար Կարայանն ակնկալում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ամրապնդում

Նախարար Կարայանն ակնկալում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ամրապնդում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանն ասել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր գործընկեր է, և կան hաջողություն արձանագրած մի շարք համատեղ ծրագրեր։ Նախարարը հավելել է, որ ակնկալում է համագործակցության ամրապնդում և խորացում նախանշված ուղղություններով։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշել է․ «ԱՄՆ ՄԶԳ-ն և նախարարությունը երկարատև համագործակցության պատմություն ունեն և ԱՄՆ ՄԶԳ-ն ակնկալում է շարունակել աշխատել նախարարության հետ այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:

Նախարար Կարայանը և Դեբորա Գրիզերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համագործակցությունը, պետություն-մասնավոր հատված գործակցության հնարավորությունները, ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության միջև Օժանդակության համաձայնագրի ընթացքը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում