Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայում սկսվել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի հայերի միությանը:

Ապրիլի 17-ին հայ համայնքի ու Զապորոժիեի Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ Զապորոժիե մարզում «Կյանքի արահետ»-ում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Զապորոժիեում գտնվող հայկական եկեղեցու դիմաց գտնվող պուրակում տնկվել է 102 ծառ։ Ակցիային մասնակցել են շրջանի մոտ 50 հայ ընտանիքները։

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված թեմատիկ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև Ուկրաինայի հայկական երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները։

Ինչպես հայտնել է Ուկրաինայում հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը, միջոցառումների շրջանակում նախատեսվում են ֆլեշմոբեր, փաստագրական ֆիլմերի ցուցադրություն։ Հայկական կիրակնօրյա դպրոցներում տեղի կունենան թեմատիկ դասեր:

Ապրիլի 24-ին Ուկրաինայում Հայոց ցեղասպանության զոհերի համար Ուկրաինայի Հայ առաքելական եկեղեցիներում պատարագ կմատուցի։ Կիևում այն կմատուցվի Սուրբ Ալեքսանդրի տաճարում` ժամը 13։00-ին։

Այդ օրը ամբողջ աշխարհում միլիոնավոր հայեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կիևում Ուկրաինական տանը կբացվի «Տակ ցե Գենոցիդ» անվամբ ցուցահանդեսը, որը կազմակերպել է Կիևի հայ համայնքը։

Ապրիլի 25-ին Գլինկայի անվան Զապորոժիեի համերգասրահում ռեքվիեմ համերգ տեղի կունենա, որի ժամանակ ելույթ կունենան Ուկրաինայում բնակվող մի շարք հայ կատարողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում