Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում պետության ղեկավար ընտրվելու դեպքում

Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում պետության ղեկավար ընտրվելու դեպքում

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է TF-1 հեռուստաալիքի եթերում:

«Ես չեմ ցանականում այնտեղ ապրել: Ես երեք երեխա ունեմ եւ ցանկանում եմ լինել նրանց հետ միասին»,- պարզաբանել է քաղաքական գործիչը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ֆրանսիական ընդդիմությունը քանիցս քննադատության է ենթարկել Ֆրանսիայի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդին այն բանի համար, որ նա «հարկատուների հաշվին» նստավայրում տեղավորել է իր ընկերուհուն՝ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեին:

Ավելի վաղ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը:

«Ես ցանկանում եմ մորատորիում սահմանել օրինական ամբողջ ներգաղթի վրա, որպեսզի կասեցվի այս խելահեղ, չվերահսկվող իրադրությունը, որը մեզ ցած է տանում»,-ասել է լե Պենը Փարիզի հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում: Դրանից հետո, նրա խոսքով, պլանավորվում է սահմանել ներգաղթին վերաբերող «ավելի կոշտ, ավելի խելամիտ, ավելի մարդասիրական, ավելի վերահսկելի կանոններ»:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում