ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Մարին Լը Պեն

ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Նման համոզմունք Լը Պենը հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:

«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Լը Պենը կարծում է նաև, որ Ֆրանսիան պետք է շարունակի մի շարք երկրների հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով նաև տարբեր երկրների հետ ունեցած պատմական կապերը: «Մերձավոր Արևելքում Ֆրանսիան պետք է վերագտնի իր առաջնակարգ դերը, մասնավորապես որպես Արևելքի քրիստոնյաների պաշտպան, ինչպիսին նաև եղել է դեռևս Ֆրանսուա I-ի օրերից, սակայն այդ դերն արհամարհվել է վերջին տասնամյակներին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահ թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում