Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Մարին Լը Պեն

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին Լը Պենը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:

«Ավելին, 1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաև Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում և կատարյալ կերպով ասիմիլացվեցին»,- ընդգծել է Լը Պենը: «Ազգային ճակատի» առաջնորդը, սակայն, կարծում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը չպետք է ընդգրկվի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում, քանի որ նման օրերը պետք է առնչվեն միայն ֆրանսիացիների կոլեկտիվ հիշողությանը: Միաժամանակ, Լը Պենը կարևորում է հայերի վե րապրած ողբերգության հիշողության պահպանումը:

«Կարևոր է նաև, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը: Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ և հաջողությամբ ինտեգրվեցին»,- ընդգծել է Մարին Լը Պենը:

Նա նաև մեծապես կարևորել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, չնայած, որ իրեն. «դուր չի գալիս համայնք արտահայտությունը»: «Ես ողջունում եմ բոլոր այն ֆրանսիացիներին, ովքեր այսքան լավ ասիմիլացվում են և իրենց ներդրումն են ունենում ամենատարբեր ոլորտներում ինչպես օրինակ մշակույթը, գիտությունը և նույնիսկ քաղաքականությունը: Նրանք ինձ համար կատարյալ օրինակն են նրա, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ՝ ֆրանսիացի ազգությունը ժառանգում են կամ դրան արժանանում»,- շեշտել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Մարին Լը Պենը նաև հստակորեն դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նա հիշեցրել է, որ «Ազգայն ճակատից» ընտրված եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցություններում նոր գլուխների բացմանը: Լը Պենը նշում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարում ինքը միակ թեկնածուն է, որ այս հարցում ունի հստակ և անփոփոխ դիրքորոշում:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում