Թիլերսոնն Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ

 Իրանի սադրիչ գործողություններն սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: 

«Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,– ապրիլի 19-ին ասել է նա լրագրողներին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ «Իրանն ունի նույն այն ճանապարհն անցնելու ներուժը, ինչ եւ Հյուսիսային Կորեան, եւ աշխարհնստիպված կլինի գործ ունենալ դրա հետ»: 

«ԱՄՆ-ը կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ երկրորդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում է»,- ընդգծել է Թիլերսոնը:

Նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն:

Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքն անտեսում է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն է», 

Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել: «Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կաս եցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան»,– նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում