Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի շուրջ 100 ինքնաթիռներ են մասնակցում Max Thunder զորավարժություններին

Հարավային Կորեայում սկսվել է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:

«Վարժանքներին մասնակցում են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի շուրջ 100 ինքնաթիռներ՝ կործանիչներ, գրոհայիններ, ռմբակոծիչներ, փոխադրական ինքնաթիռներ, օդային հետախուզության ինքնաթիռներ»,– նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վարժանքների ընթացքում, որոնք կավարտվեն ապրիլի 28-ին, փորձարկվում են այն գործողությոնները, որոնք նախատեսված են ԿԺԴՀ-ի կողմից սադրանքների դեպքում, այդ թվում՝ ռմբանետումը բարձրճշգրիտ զինատեսակների օգտագործմամբ, ինչպես նաեւ հակառակորդի հակաօդային պաշտպանության հաղթահարումը, ընդգծվում է փաստաթղթում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամերիկացիները հիմքեր ունեն անհանգստանալու ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմից: «Իրադրությունը շատ ու շատ խրթին է»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: «Դրանով պետք է զբաղվեր նախագահ Օբաման: Դրանով պետք է զբաղվեին նախորդ նախագահները, ընդհուպ մինչեւ Քլինթոնը, բայց բոլորն էլ դա պարզապես հետաձգում էին»,- նշել է նա: Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները խիստ անշահավետ էին ամերիկյան կողմի համար:

«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք է ինչ-որ բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից է կախված լինելու»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում