Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Մակրոնը խոստանում է ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ընտրվելու դեպքում կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնը նշել է Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում:

«Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ֆրանսիան աշխատում է միջազգային իրավունքի համապատասխան, բանակցված լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այս համատեքստում է, որ ի հայտ է գալիս ճանաչման (Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման –խմբ.) հարցը: Մեր երկիրը պետք է լիովին իր դերը խաղա այս հարցում»,- նշել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղի հարցով 2014թ. Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո համապատասխան ջանքեր չեն ներդրվել: Մակրոնը ցանկանում է կրկին ջանքեր ներդնել խնդրի այնպիսի լուծում գտնելու ուղղությամբ, որով միաժամանակ կհարգվի և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: «Ճանապարհն, իհարկե, բարդ է, սակայն մենք պետք է առաջ շարժվենք»,– ընդգծել է Էմանուել Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում