Կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց Սևանա լճում երկրորդ ցանցավանդակային տնտեսությունը հիմնելու համար

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց Գյուղատնտեսության նախարարությանը: ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը:

«Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ: Գործունեության արդյունավետ կազմակերպման արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում