Իրանն ԱՄՆ-ից պահանջել է կատարել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներից պահանջել է կատարել միջուկային գործարքի պայմանները, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters-ը:

«Ամերիկյան ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկել այն, որ Վաշինգտոնը հարկադրված է ընդունել Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարման փաստը»,- գրել է Զարիֆն իր միկրոբլոգում:

Նախարարն այս կերպ է հակազդել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի քննադատությանը, որն Իրանին մեղադրել է չդադարող եւ տագնապ հարուցող սադրանքների մեջ, որոնք ուղղված են Մերձավոր Արեւելքի իրադրության ապակայունացմանը եւ տարածաշրջանում ամերիկյան շահերի վնասմանը:

«Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի վնասման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,– ասել է Թիլերսոնը լրագրողներին:

Նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն:

Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքն անտեսում է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն է»,

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել եւ պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում