Ադրբեջանը շարունակելու է նավթի արդյունահանման ծավալների նվազեցումը

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) կազմի մեջ մտնող երկրները որոշել են երկարաձգել նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ համաձայնագիրը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանը, որը ներկայումս իր նավթային քաղաքականությունը հարմարեցնում է OPEC-ի վարած քաղաքականությանը, պետք է նավթի արդյունահանումը շարունակի նվազեցված ծավալներով:

2017թ.-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ:

Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նավթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր տեսակի նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում