«Ազգ-բանակ» հայեցակարգը բխում է պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից. Արմեն Ռուստամյան

«Ազգ-բանակ» հայեցակարգի նպատակն է հասարակության և Զինված ուժերի միջև գործակցությունը որակապես նոր մակարդակի և խորության բարձրացնելը: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք ունենք գյուղեր, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, և պետք է ոչ թե սահմանամերձ լինեն, այլ սահմանապահ հասկացողությունը պետք կիրառվի՝ հասկանալով, որ նրանք ոչնչով չեն տարբերվում զինվորից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա: «Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկրորդը՝ պետք է հստակ նպատակը սահմանվի` ինչի է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն և չորրորդը՝ հնարավորություններն ու ներուժը»,- մանրամասնեց պատգամավորը:

Նա ակնհայտ է համարում, որ տարածաշրջանում թուրք- ադրբեջանական տանդեմը Հայաստանի նկատմամբ թշնամական վիճակ է սահմանել: «Մենք մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, քանի որ երբ ուրիշ տեղեր ես փնտրում ուժի աղբյուրը, միշտ սխալվում ես»,-նշեց նա:

Ռուստամյանի խոսքով` Հայաստանում հասարակության մոտ բանակի նկատմամբ բացառիկ հարգանք և հատուկ վստահության կա, ինչը երևացել է հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում: «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել և դա բանակի շնորհիվ է, ինչն ավելի բարձրացրեց հարգանքը և վստահությունը բանակի նկատմամբ: Սա անպայման բերելու է դրական արդյունքների»,-ընդգծեց նա:

Նրա գնահատմամբ` «Ազգ-բանակ»-ը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից է բխում: Այն գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է, որը պետք է միս ու արյուն ստանա և մտնի յուրաքանչյուրի տուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում