Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան

Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով Ամերիաբանկի կազմակերպած պանելային քննարկմանն ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով` էլեկտրոնային առևտրի զարգացման համար հիմնակա ն խնդիրը մարդկանց տեղեկացվածությունն է:

«Հնարավոր է մենք շատ հարցերում տեսակարար կշռով զիջում ենք ավելի զարգացած երկրների տնտեսություններին, օրինակ` էլեկտրոնային առևտրի ծավալով, բայց անվտանգության առումով իրավիճակն այդպիսին չէ: ԱՄՆ հսկայական տնտեսությունում վճարային քարտերի մեծ մասը դեռևս մագնիսական են, չիպով քարտեր չեն, պաշտպանվածության եռաստիճան 3-D Secure համակարգը շատ անգամ ներդրված չէ», – ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով` Ամերիաբանկն էլեկտրոնային առևտրի դեպքում եռամակարդակ պաշտպանվածությունն ապահովում է, ինչի հետևանքով աստիճանաբար ավելանում է վստահողների թիվը:

«Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացման նպատակով Ամերիաբանկն իրականացնում է որոշակի ծրագրեր: Համացանցում տեղադրում է տեսանյութեր, որոնք գովազդում են բանկի տարբեր օնլայն ծառայությունները, յուրաքանչյուր նոր հավելվածի, ծրագրի մեկնարկին իրականացվում են տարատեսակ PR, տեղեկատվական միջոցառումներ, նկարահանվում են շատ մատչելի տեսանյութեր, որոնք օգնելու են հաճախորդին: Չնայած այդ ամենին` տեղեկացվածության պակասը դեռ կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վստահությանը, Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ առաջին անգամ օգտվելով ծառայությունից, հասկանալով, թե ինչքանով մատչելի ու հարմարավետ է այն` հաճախորդը երկրորդ, երրորդ անգամ այդ գործարքը շատ ավելի հեշտ կկատարի:

«Անվտանգության առումով յուրաքանչյուր գործարքից վստահությունն էլ ավելի է բարձրանում», – ասաց Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում