ԻՊ-ն ստանձնել է Ելիսեյան դաշտերում գրոհի պատասխանատվությունը
Նմանատիպ
Փարիզի կենտրոնի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է մի ոստիկան, եւս երկուսը վերքեր են ստացել: Հարձակվողը գնդակահարված է: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել է, որ նա իր «մարտիկներից» մեկն էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անե լով BBC-ին:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել է, որ հարձակվողի անձը պարզված է: Փարիզի արեւելյան արվարձանում գտնվող նրա տանը խուզարկություն է կատարվել:
«Իսլամական պետության» անունից արված հայտարարության մեջ ասված է, որ Ելիսեյան դաշտերում հարձակումն իրականացրել է «Աբու Յուսեֆ-բելգիացին»:
BFMTV ֆրանսիական հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը Ֆրանսիայի 39-ամյա քաղաքացի է, որը հայտնի է ֆրանսիական հատուկ ծառայություններին եւ Telegram մեսենջերում քննարկում էր ոստիկանների սպանելու իր մտադրությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ազգին հղած ուղերձով՝ հայտարարելով, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթի հետքեր ունի: Ապրիլի 21-ի առավոտյան նշանակված է երկրի Պաշտպանության եւ ազգային անվանության խորհրդի նիստը:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, հարձակվողի ավտոմեքենան տեղական ժամանակով ժամը մոտ 21-ին կանգ է առել ոստիկանական ավտոբուսի մոտ: Նա դուրս է եկել ավոմեքենայից եւ կրակ բացել ինքնաձիգ զենքից: Ականատեսների ասելով՝ նա զինված էր Կալաշնիկով ինքնաձիգով:
Ոստիկա ններից մեկին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախչել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա, որոնցից երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է նաեւ պատահական անցորդի վիրավորվելու մասին:
Տղամարդն սպանվել է պատասխան կրակով:
Ելիսեյան դաշտերում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են, ոստիկանությունը շրջապատել է միջադեպի վայրը: Դրանից առաջ Ելիսեյան դաշտերի սրճարանների ու խանութների բազմաթիվ այցելուներ հայտնվել էին արգելափակված վիճակում, նրանց թույլ չէին տալիս փողոց դուրս գալ:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալու է նախագահական ընտրությունների առաջին փուլը, եւ Ելիսեյան դաշտերում հարձակման պահին բոլոր 11 թեկնածուները մասնակցում էին հատուկ նախընտրական հաղորդման եւ հանդես էին գալիս ընտրողներին հղված վերջին հեռուստաուղերձներով:
Նրանք բոլորն էլ համերաշխություն են հայտնել տուժածների հետ:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հանրապետականներ» աջ կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել են, որ չեղարկում են ապրիլի 21-ին պլանավորված հանդիպումներն ընտրողների հետ:
Իսլամիստական սպառնալիքը նախընտրական արշավի գլխավոր թեմաներից մեկն էր: «Ֆրանս պրես» գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր Ֆրանսիայում ջիհադականների զոհ է դարձել 238 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում