Չենք հրաժարվել խաղաղությունից. Վիգեն Սարգսյան

«Ներկայացված «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը: Նույն զորակոչային տարիքի ծառայողներին այլընտրանքներ ենք առաջարկում, այսօրվա գործող մոդելը չենք պատրաստվում փոխել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին ձեր կողմից առաջարկված ծրագրերի վերաբերյալ հնչում են մեկնաբանություններ, որ հրաժարվում եք խաղաղությունից, հնարավորինս հակառակ ուղղությամբ եք գնում, այսինքն ավելացնում եք, ռազմականացնում, գրում է panorama.am-ը:

Նախարարը նշեց, որ իրենք մարդուն ընտրության հնարավորություն են տալիս, Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության աճը կապված է նաև նրանով, որ քաղաքացին ինքը կարողանա որոշում կայացնի իր ծառայության հետ կապված:

«Իրավունքի փոփոխություն, բեռի ավելացում չեն ենթադրում: Ընդամենը եղած զորահավաքային, զորակոչային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման միջոցներ են»,- ասաց Վ. Սարգսյանը:

Նախարարի խոսքով, չեն հրաժարվել խաղաղությունից, խաղաղության մեծագույն ջատագովներից են:

«Վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի և հնարավոր ռիսկայնությունը պետք է նվազեցնել, ոչ թե ավելացնել»,- նշեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում