Հայաստանը շարունակում է մնալ խաղաղության ջատագով. Վիգեն Սարգսյան

Հայաստանը խաղաղության ջատագով է և վստահ է, որ տարածաշրջանն այլ ապագա չի կարող ունենալ: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պաշտպանության նախարարության կողմից «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի առաջ քաշելուց հետո հանրության մոտ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է հասարակությունն ավելի ռազմ ականացնելու ճանապարհով:

«Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ իր առաջարկած ծրագրերը չեն ենթադրում հասարակության ռազմականացում: Նախարարը հստակեցրեց, որ այդ ծրագրերը չեն ենթադրում զինծառայողների թվի ավելացում, դրանք լինելու են կամավոր և ոչ թե պարտադիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում