Հայաստանը բավարարված չէ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով

Հայաստանը բավարարված չէ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով:

Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ապրիլի 20-ին հակառակորդի կողմից Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը գնդակոծելու միջադեպին: «Այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, լարվածություն չկա: Ցավոք, այդ դեպքերը պարբերական են, դրա պատասխանն էլ է պարբերական: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի համար հիմք պետք է լինի զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը»,- նշեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Մենք այս պահին բավարարված չենք խախտումներին նման արձագանքով, սակայն ասել, որ վիճակը սահմանին լարված է եղել, սխալ կլինի, որովհետև ընդհանրապես վերջին մի քանի շաբաթում հարաբերական հանգիստ վիճակ է»,- եզրափակեց Սարգսյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ:

Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի բեռնատար մեքենան: Գնդակոծությունից վնասվել է միայն մեքենայի օդի բարձիկը: Մեքենայի վարորդը չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում