ՄԻՊ Թաթոյանն անդրադարձել է իր ասուլիսին ակտիվիստների գործողություններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից լրագրողներին 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը ներկայացնելու ժամանակ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ հուլիսյան իրադարձությունների հետ կապված թղթեր փակցրին ասուլիսի սրահում: Անդրադառնալով այդ քաղաքացիական գործողություններին Արման Թաթոյանը նշել է.

«Խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:

Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում