Ներդրումներն ուղղվում են բուժօգնության որակի բարելավմանը

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ընթացիկ տարում հարստացել է շուրջ 306մլն դրամի արժողությամբ ժամանակակից սարքավորումներով, որոնք մեծապես կբարձրացնեն ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։

Տնտեսած միջոցների հաշվին ձեռք բերված նորագույն սարքավորումների թվում են ախտորոշիչ հետազոտությունների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ անդրադարձային համակարգերը, հարվածաալիքային թերապիայի ուռոլոգիական սարքը, տեսահամակարգով, ռեգիդ օպտիկայով և շեյվերով քիթ-կոկորդ-ականջաբանական համակարգը, մամոգրաֆիական թվային և շարժական ռենտգեն սարքերը, դյուրատար տեսահամակարգն ու վիրահատական հիստերոսկոպը և այլն։

Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու հասանելիության ապահովմանն են ուղղված նաև արտասահմանյան երկրներից փորձառու մասնագետների բարեգործական մշտական այցերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տարեսկզբին հերթական այցն էր կատարել Հնդկաստանի Վելլորի Քրիստոնեական բժշկական համալսարանական հիվանդանոցի պլաստիկ և վերակառուցողական բաժանմունքի բազմամյա փորձ ունեցող վիրաբույժ Էլվինո Բարրետոն։ Այս անգամ նա 1-19 տարեկանների շրջանում բարեգործական հիմունքներով 37 պլաստիկ վիրահատություն է կատարել: Դրանք եղել են վերջույթների արատներ` սերտաճած մատեր կամ բազմամատություն, հետվնասվածքային, հետայրվածքային կոնտրակտուրաներ, որոշ տեսակի և մեծության հեմանգիոմաներ ու տերատոմաներ, որոնք իրենց տեղակայումով գործառույթի խանգարում էին առաջացնում, դիմածնոտային արատներ ու ձևափոխություններ, քիմքի, շրթունքի փեղեքումներ (նապաստակի շրթունք, գայլի երախ, կրկնվող դեպքեր, խուղակներ և այլն)։

Իսկ ARDA, ICMM բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված բարեգործական ծրագրի շրջանակներում Փարիզի Սուրբ Ժոզե հիվանդանոցի անոթային վիրաբույժ, ֆրանսահայ պրոֆեսոր Ֆիլիպ Կարագուլյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտել է ավելի քան 100 սոցիալապես անապահով մարդու, նրանցից 18-ին կատարել սկլերոթերապիա:

Նշենք, որ բոլոր այս ծրագրերը շարունակական են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում