Այսօր պատմական Հայաստանի տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ

Ավելի քան 3000 հայկական ավերված հուշարձաններ են վավերագրվել 2010-2016-ին պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Ավերումներն ունեցել են հիմնականում երկու նպատակ՝ կրոնական շինությունների ոչնչացմամբ՝ վերացնել հայկական հետքերը և բեկորներն օգտագործել որպես շինանյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Հայ ժողովուրդը, դարեր շարունակ գտնվելով հայկական լեռնաշխարհում, կառուցել է բազմաթիվ կառույցներ, կոթողներ: Այսօր պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ: Եղել են շինությունները, որոնք կարող էին համարվել հուշարձաններ և նույնիսկ չեն էլ հաշվառվել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցեղասպանությունից հետո հուշարձանների ավերումների թեմայով հրատարակած գիրք ունի, սակայն դրանք շատ չնչին մասն են կազմում՝ փաստելու, վավերագրելու մեր ժառանգության ավերման խնդիրը»,- ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց, որ ավերումները հիմնականում եղել են ցեղասպանությունից հետո՝ 20-ական, 40-ական, 65-70-ական թվականներին, մինչև անգամ 2005-ին:

Նրա խոսքով՝ 2010-2016 թթ. մշակույթի նախարարության պատվերով կատարած վավերագրումով, հայտնի վավերագրական նյութերի` Ն. Մառի արշավախմբի Անիում կատարած աշխատանքների, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին արված լուսանկարների, բազմաթիվ ճանապարհորդների նկարագրությունների համաձայն, մոտ 3000 հուշարձան են վավերագրվել, սակայն դրանք արդեն ավերված են եղել: Ավերումները եղել են ինչպես կազմակերպված, այնպես էլ չկազմակերպված, երբ բեկորները պոկել ու օգտագործել են շինարարության նպատակով:

«Առաջնահերթ են եղել կրոնական կառույցների ավերումները: Շատ են եղել խաչերի, խաչքարերի, քարակերտ արձանագրությունների ավերման դեպքերը, որոնք նպատակ են ունեցել քաղաքական առումով վերացնել հայկական հետքերը: Իսկ կամուրջների, այլ շինությունների բեկորները պարզապես պոկել և օգտագործել են որպես շինանյութ»,– ասաց Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ Անիում, Աղթամարում կատարված ամրակայման, շինարարական միջամտությունների մեթոդական մոտեցումներն ընդունելի չեն: Իրենք վերակառուցում են զուտ իրենց շահերից ելնելով՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար: «Անիի Սմբատյան պարիսպների վերնամասի խորհրդանիշը, որը վազող հովազ էր և վերևում ուներ խաչաձև մշակում, հստակ հիշեցնում էր խաչ և քրիստոնեական մայրաքաղաքի մուտքի նշան: Սակայն այն կտրել և շարունակել են բարձրացնել շինությունը: Շատ այլ շինություններ ևս բարձրացրել են՝ վերացնելով խաչերի հատվածները»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ պաշտոնական դաշտում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր ձայնը բարձրացնում ենք Թուրքիայի հայերի, միջազգային ՀԿ-ների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում