Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը

Թուրքիային ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում աշխատում է ամեն կերպ շեղել ուշադրությունը խնդրից: «Թուրքիայի հիմնա կան մտավախությունը հետեւանքների վերացումն է, իսկ մեր հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության հատուցման հարցի բարձրացումը»,- ասաց նա:

Էդիկ Մինասյանի խոսքով` մենք միայն ցեղասպանության ճանաչմամբ չպիտի բավարարվենք, առավել եւս, որ հայրենիք ենք կորցրել: «Թուրքիան հարցի լուծման հեշտ ճանապարհ է գտել` ժխտողականությունը դարձնելով արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը»,-հավելեց բանախոսը:

Մինասյանի կարծիքով, ԱՄՆ-ն այն ազդու ուժն է, որը կարող է Թուրքիային, որպես ռազմական դաշնակցի, ստիպել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում զիջումների գնալ, բայց այսօր դա չի նկատվում այդ երկու երկրների հարաբերությունների մեջ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող պետությունները 20-ից ավելի են: Հայոց ցեղասպանությունը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում