«Երկիր ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի կենտրոնում հեծանվաերթով

«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի կենտրոնում հեծանվաերթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և մի խումբ ներկայացուցիչներ հեծանիվներով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Այնուհետև Ազատության հրապարակում երևանցիների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Մեր ծրագրում անդրադարձ ենք կատարելու Երևանի ճարտարապետության և քաղաքաշինության խնդիրներին, քաղաքի կենտրոնի կառուցապատման հիմնական խնդիրներին, փողոցների և բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորմանը, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտին, մետրոպոլիտենի շինարարությանը և այլն»,– ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ իրենք մայրաքաղաքում տրամվայի անհրաժեշտություն են տեսնում: «Ժամանակակից քաղաքներում տրամվայի անհրաժեշտությունը հրատապ է, քանի որ այն հանդիսանում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցության ծրագրում անդրադարձներ կան նաև հեծանվային ուղիներ ունենալու անհրաժեշտությանը, աղբահանության խնդիրներին և աղբի վերամշակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում