Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետը ողջունել է նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ջանքերը:

«Հայերի հանդեպ տեղի ունեցած բռնությունները և հրեական Հոլոքոստն անպատկերացնելի են, սակայն մեզ բոլորիս համար կարևոր է հիշել այս ամենը՝ պատմությունը պետք է չկրկնվի»,- նշված է նահանգապետի նամակում:

Մեթյու Միդը հիշատակել է նաև Կեյեն քաղաքում ունեցած իր հանդիպումը ԱՄՆ արևմտյան ափի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Էլեն Ասատրյան և Սիմոն Մաղաքյանի հետ և նշել, որ հանձնախմբի գործունեությունը ոգևորիչ է: Ընդգծելով, որ ապրիլի 23-ին Դենվեր քաղաքում կայանալու են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ՝ նահանգապետ Միդը նշել է. «Իմ մտքերը կլինեն ձեզ հետ, երբ դուք հավաքվեք Կոլորադոյի նահանգային խորհրդարանում հիշատակելու Հայոց ցեղասպանությունը»:

Վայոմինգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում