Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչեվին և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային «Arm-Security» («Անվտանգ Հայաստան») ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքները:

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Տեխնոլոգիական նորարարական այս լուծումները կնպաստեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների վերահագեցմանը նորագույն տեխնոլոգիական լուծումներով՝ ավելի արդյունավետ և դյուրին դարձնելով բնական և մարդածին աղետներից բնակչության պաշտպանության և դիմակայունության բարձրացման խնդրի իրագործումը:

Ցուցահանդեսը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացնում են՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն, Անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Arm-Security 2017», «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում