Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները

Երեւանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված «Երեւան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշե րը առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները: Նա տեղեկացրեց, որ հարցվածների քանակը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում, կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երեւան քաղաքի 12 վարչական շրջանները:

«Քաղաքացիների 63.3 տոկոսը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին, 8.6 տոկոսը՝ ոչ մեկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:

Հետազոտության շրջանակում ներկայացված հարցերը բազմազան են: «Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երեւան քաղաքի փոփոխությունները վերջին 4 տարիների ընթացքում» հարցին ի պատասխան՝ երեւանցիների 9.4 տոկոսը պատասխանել են «լիովին դրական», «ավելի շուտ դրական» է գնահատել քաղաքացիների 55.2 տոկոսը, «ընդհանրապես բացասական»՝ 14 տոկոսը:

«Ներկա պահին երեւանցիների համար տարածքի/ համայնքի հիմնական խնդիրների շարքում գերակշռող է մաքրության խնդիրը՝ 33.5 տոկոս, որին հաջորդում են մուտքերի վատ վիճակը, տրանսպորտի խնդիրները, աղբահանության խնդիրը, ասֆալտապատումը, վերելակների խնդիրը, ծառահատումները, կոյուղու վատ վիճակը, կանաչապատ տարածքների սակավությունը եւ այլն»,-նշեց նա:

Վերջին 4 տարում քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների/ ծրագրերի ցանկում առաջնային է քաղաքի տեսքի բարեկարգման հարցը՝ 27.9 տոկոս, ապա բակերի բարեկարգման, նստարանների տեղադրման, կանաչապատ տարածքների ավելացման, խաղահրապարակների կառուցման հարցերը եւ այլն:

Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ, ըստ հետազոտության արդյունքների, երեւանցիների մեծամասնությունը կցանկանար, որ քաղաքապետարանը նախևառաջ աշխատանքներ տաներ կանաչապատ տարածքների ավելացման ուղղությամբ՝ 32.2 տոկոս, ինչպես նաեւ խաղահրապարակների կառուցման, շաբաթօրյակների անցկացման, մշակութային, սպորտային եւ այլ միջոցառումներ:

«Որպես առաջնային խնդիր երեւանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը, ապա մաքրությունը: Ամենաբարձրը գնահատել են լուսավորությունն ու անվտանգությունը»,– ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Ըստ երեւանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը եւ Նուբարաշենը:

Հարցումն ընդգրկել է նաեւ զբոսաշրջության ոլորտը՝ քաղաքապետարանի կողմից համապատասխան քայլերի իրականացման համատեքստում. երեւանցիների մեծամասնությունը զբոսաշրջության զարգացման համար նախևառաջ կարեւորում է

քաղաքում մաքրության պահպանումը` 28.6 տոկոս, ապա տուրիստների համար արհեստական գները չբարձրացնելը, հին շինությունների պահպանումը, կանաչապատ տարածքների ավելացումը, հին Երեւանի վերականգնումը եւ այլն:

Քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը «շատ լավ» է գնահատել քաղաքացիների 11.1, «ավելի շուտ լավ»՝ 69.3, «շատ վատ»՝ 4.1 տոկոսը:

Հարցվածների 54.3 տոկոսը նշել են, որ անպայման մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

«Երեւանցիների 61.2 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11.5՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9՝ Զարուհի Փոստանջյանի օգտին, իսկ 12.7 տոկոսը հրաժարվել է պատասխանել: Մարդիկ նախևառաջ ցանկանում են, որ քաղաքապետը լինի գործունյա, բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ քաղաքի համար, հասկանա մարդկանց խնդիրները, լինի վստահելի, պարկեշտ եւ հասարակ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իրազեկ, պրոֆեսիոնալ, կարողանա ճիշտ եւ գրագետ խոսել»,- նշել է Արման Նավասարդյանը: Նախընտրելի հատկությունների շարքում երեւանցիները կարեւորել են նաե ւ քաղաքապետի արտաքինը:

Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ սրանք դեռ սկզբնական արդյունքներն են, հաջորդ հարցումը հավանաբար կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում