Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել

Թուրքիայի իշխանությունները շարունակում են պետական և մասնավոր հատվածը հետևողականորեն մաքրել գյուլենականներից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ստամբուլում ապրիլի 22-ին կազմակերպված միաժամանակյա հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 42 անձ, որոնք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ:

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ» հարեքեթի ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով որպես քաղաքական վտարանդի բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, մեղադրում է 2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Թուրքիան բազմիցս պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին, սակայն այդ հարցում դեռևս չի կարողանում հասնել ցանկալի արդյունքի:

Էրդողանը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 16-17-ը կայանալիք հանդիպմանը կրկին քննարկելու է Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնման հարցը:

«Հուսով եմ Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»,- նշել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում