Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը

Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքից, ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքից դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան քայլարշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին լիբանանյան տարբեր կուսակցությունների, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություննե րի ներկայացուցիչներ:

Ցեղասպանության 102-ամյակը ոգեկոչող միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մեհրապում:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,– իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով, արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների: «Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, եւ հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները եւս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է եւ հանձնառություն` հանուն ազատ եւ գերիշխան Լիբանանի եւ կհատկանշվի համերաշխությամբ եւ բազմազանությամբ»,-ասել է նա:

Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում