Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել

Հայաստանի ազգային արխիվում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք շտեմարանում, դրանք տարիների աշխատանքի արդյունք են, եւ մենք անընդմեջ նոր անուններ, նոր փաստեր ենք հայտնաբերում եւ ներառում շտեմարանում»,- ասաց Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ ընթացիկ աշխատանքներն այժմ կենտրոնացած են հիմնականում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ՝ սկսած 1894 թվականից մինչեւ 1922 թվականները:

«Այս առումով արդեն համարյա ավարտել ենք երեք հատորների պատրաստման աշխատանքները: Առաջին հատորը վերաբերում է 1894-96 թվականներին Աբդուլ Համիդի օրոք հայ բնակչության ոչնչացման ծրագրերին եւ իրականացման ընթացքին: Հաջորդը վերաբերում է Կիլիկիային, ընդգրկում է 1922-23 թվականները, երբ Օսմանյան Թուրքիան պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում, Մուսալեռի ինքնապաշտպանության շնորհիվ փրկված հայ բնակչությունը կարողացավ վերադառնալ, բայց Աթաթուրքի օրոք նրանք նորից վերապրեցին այն, ինչ վերապրել էին 1915 թվականին: Վերջին հատորն էլ Օսմանյան Թուրքիայի այն տարածքների մասին է, որոնք մենք Հայաստան չենք համարում. դա Կիլիկիա չէ, Արեւմտյան Հայաստան չէ: Դրանք Թուրքիայի մնացած տարածքներն են, որտեղ նույնպես ցեղասպանություն է եղել»,-նշեց նա:

Ամատունի Վիրաբյանը, հիշեցնելով, որ հաջորդ տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը, տեղեկացրեց, որ այլ գործընկեր երկրների ազգային արխիվների՝ հատկապես Ռուսաստանի հետ միասին այդ թեմային առնչվող փաստաթղթեր են հրապարակելու:

«Աշխատանքներ են իրականացվում Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասով, որովհետեւ դա էլ, ի վերջո, թուրքական իշխանություններին հնարավորություն տվեց իրականացնել իրենց ծրագրերը: Հաջորդ տարի՝ հավանաբար մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայում կհրապարակվի «Կովկասյան ռազմաճակատ» խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկվելու են նաեւ Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում