Տարոն Մարգարյանը խոստանում է վերանայել բոլոր ոլորտները, որոնցից քաղաքացիները գոհ չեն

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուներն ապրիլի 22-ին հանդիպում ունեցան Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրական ծրագրում ներառված են վերջին 4 տարվա ընթացքում երեւանցիների բարձրացրած բոլոր խնդիրները:

«Մենք չորս տարի առաջ այս բակից սկսեցինք քարոզարշավը, մեր թիմով ներկայացրինք «Ավելի լավ Երեւան ծրագիրը», այսօր կարող ենք ասել, որ ունենք համեմատաբար ավելի լավ Երեւան, բայց դա չի նշանակում, որ քաղաքում անելիքներ չկան: Անելիքները շատ են, եւ այս տարիների ընթացքում մեր թիմը, շփվելով բնակիչների հետ, այդ բոլոր խնդիրները, անելիքները գրանցել է, եւ այսօր այս փորձառու թիմը քաղաքի զարգացման ծրագիրն է ներկայացնում: Շատ խնդիրների, հարցերի պատասխաններ ունենք այդ ծրագրում, որոնք երեւանցիների կողմից տասնյակ տարիներ սպասված են եղել»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Նա շեշտեց, որ ծրագրում համատիրությունների կառավարման հարցն առաջնային է:

«Այսօր մենք բազմաբնակարան շենքերի բակում հանդիպման ժամանակ շատ կարեւոր խնդիր ունենք, որը նույնպես ներառել ենք ծրագրում: Այսօր մեր բնակիչների համար դա առաջնահերթ հարց է, եւ հստակ քայլեր ունենք այդտեղ անելու բարեփոխումների, կառավարման առումով: Մենք հետեւողական ենք լինելու թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ համատիրությունների աշխատանքի հարցում: Որտեղ քաղաքացին գոհ չէ, որտեղ բավարար չէ կառավարումը, այնտեղ վերանայում է տեղի ունենալու: Մենք միասին պետք է այդ խնդիրները լուծենք: Վստահեցնում եմ՝ այս ծրագիրը, որը ՀՀԿ թիմն է ներկայ ացնում, մեր վաղվա օրվա Երեւանն է»,- եզրափակեց Երեւանի քաղաքապետի թեկնածուն:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում