Ֆրանսիայի նախագահի աթոռի համար պայքարը կշարունակեն Մակրոնն ու Լը Պենը

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: Հանրապետության ներքին գործերի նախարարության այս տվյալները ներկայացրել Է Reuters գործակալությունը:

«Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենն ստացել Է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը:

Ապրիլի 24-ին պաշտոնապես սկսվում Է նախընտրական արշավի նոր փուլը, այժմ պայքարը կծավալվի Մակրոնի եւ լը Պենի միջեւ: Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ հնգամյա ժամկետի համար:

Մակրոնը հաղթանակը տոնել Է Փարիզի «Ռոտոնդա» հանրաճանաչ սրճարանում: Երիտասարդ քաղաքական գործչի հետ միասին հյուրերին դիմավորել Է նրա տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում նշել Է ընտրություններում Մակրոնի արձանագրած հաջող արդյունքը՝ հավելելով, որ դա «մեր սերնդի հույսն Է ու ապագան»:

Ինչպես հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում սկսված ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ակցիաների երկու մասնակիցներ:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին իենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը զգալի աճ Է արձանագրել՝ ամրապնդվելով 2,23 տոկոսով եւ հասնելով 119.69-119,73 իենի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում