Լը Պենն ընտրություններում իր արդյունքը համարել է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը պատմական է որակել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Այս մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով Նոր Պա դի Կալեի դեպարտամենտի Էնեն Բոմոնում կայացած հանրահավաքում՝ ընդգծելով, որ ինքը հանրապետության նախագահի «ժողովրդական թեկնածուն է», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դա պատմական արդյունք է»,– ասել է Լը Պենը: Այս փուլում իր արդյունքը նա համարում է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»:

«Մենք գնում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»,- ասել է Լը Պենը: «Դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների ուղու առաջին փուլը հաղթահարված է: Դա պատմական արդյունք է, եւ այժմ ինձ վրա է դրվում ֆրանսիական ազգի, նրա միասնության, նրա անվտանգության, նրա մշակույթի պաշտպանության վիթխարի պատասխանատվությունը»,- հայտարարել է նա: Լը Պենը նաեւ երկրի քաղաքացիներին կոչ է արել իրեն աջակցություն ցույց տալ ընտրությունների երկրորդ փուլում եւ քվեարկել «չվերահսկվող գլոբալացման» դեմ:

Նա քվեարկությունը, որի արդյունքները վկայում են «Ազգային ճակատին» ցուցաբերվող լայն աջակցության մասին, որակել է բողոքի դրսեւորում «չպաշտպանված սահմանների, անազնիվ մրցակցության, ահաբեկիչների ազատ տեղաշարժի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում