Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Cyprus Mail-ը, այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ` նշելով, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին և վերահաստատում լիակատար աջակցությունը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախ որհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում