Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է. Արամ Ա. Վեհափառ

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի մամլո դիվանից, պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հու? ?ակոթողի մոտ: Հավաքին ներկա էին նաև նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաև տարբեր միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդգծեց ապրիլ 24-ի կարևորությունը:

«Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլ 24 է. այլ խոսքով՝ պահանջատիրության օր»,- ասաց Վեհափառը: Նորին Սրբությունը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հիշեցրեց 100-ամյակի Համազգային Հռչակագրի կարևորությունը՝ որպես պահանջատիրական պայքարի ուխտի վերանորոգում:

Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամի մեջ կարևորությամբ շեշտեց, որ Եվրոպան միշտ նպաստել է Հայ դատին, քանի որ այն մոտիկից ծանոթ է հայ ժողովրդի ցեղասպանության ու բռնաբարված իրավունքներին։

«Հետևաբար, սպասում ենք, որ Եվրոպան տարբեր առիթներով դրանք պախարակող Թուրքիայի նկատմամբ ավելի հզոր կեցվածք կունենա: Ընդհանրապես իսլամական ու հատկապես արաբական երկիրներում Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքում, բնականաբար նաև Հայ դատի գծով։ Հետևաբար, հարկ է շարունակել մեր աշխատանքները՝ արաբական ու իսլամական երկիրների պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի հետապնդած պանթուրանական նպատակներին: Անհրաժեշտ է մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ համակրանք ցուցաբերող Թուրքիայի մտավորական շրջանակների հետ կապեր հաստատել, ինչպես նաև գործակցության ուղիներ որոնել իսլամացած հայերի հետ»,- ասաց Նորին Սրբությունը` հավելելով, որ մեր կորցրած ունեցվածքի նյութական արժևորումը համահայկական արժեքի անհետաձգելի անհրաժեշտություն է: Նրա խոսքով` պետք է նաև աշխատանքներ տանել տարբեր ենթահանձնախմբերի միջոցով մուտք գործելու ՄԱԿ:

Վեհափառ Հայրապետը նաև հիշեց, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատի գծով Թուրքիան լուրջ դժվարություններ է հասցրել` հեռու պահելով փաստաբաններին անհրաժեշտ աշխատանքները կատարելուց, ինչպես նաև իրավական հանձնախմբի թուրք փաստաբաններից մեկին բանտարկելով։ Վեհափառը շեշտեց, որ հակառակ այդ ամենին` իրավական գործընթացը պիտի շարունակվի:

Նորին Սրբությունն իր խոսքը եզրափակեց` ասելով, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է և պետք է շարունակվի առավել մեծ հավատով ու վճռականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում