«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա կլինեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ

Հայաստանում մայիսի 28-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը Ջորջ եւ Ամալ Քլունիների մասնակցությունը դեռ հստակ չէ, քանի որ վերջիններս սպասում են իրենց զույգ բալիկներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նրա խոսքով` այս տարի մրցանակաբաշխությանը ներկա կլինեն այնպիսի մարդիկ, որոնք հաստատ կհետաքրքրեն մամուլի ներկայացուցիչներին:

«Այս տարի մրցանակաբաշխությանը ներկա կլինեն մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրների քաղաքական գործիչներ»,-ասաց նա:

2017թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են` մայր եւ դուստր Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլմանը Սոմալիից, Ջամիլա Աֆղանին Աֆղանստանից, Մուհամադ Դարվիշը Սիրիայից, Դենիս Մուկվեգեն Կոնգոյից եւ Թոմ Քաթինան Սուդանից: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում