Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա, և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:

Ինչպեստեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, նա իր ելույթում փաստել է, որ ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը, միասնական միջազգային դատապարտմանն ու հետագա կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների բացակայությունը կամ անկարողությունը հանգեցրել է այն իրողությանը, որ մարդկությունը, ի թիվս այլ լուրջ մարտահրավերների, դեռևս բախվում է հնարավոր ցեղասպանությունների իրական սպառնալիքին:

«Մենք՝ հայերս, ցեղասպանություն վերապրածներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում առավելագույնն անելու ցեղասպանության դեմ պայքարում: Տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների մասին խոսելիս մենք աղաղակում էինք՝ «այլևս երբե՛ք»: Մենք ասում էինք «այլևս երբե՛ք» 1994-ի Ռուանդայի ցեղասպանությունից հետո։ Աշխարհն աղաղակում էր՝ «այլևս երբե՛ք» 2014 թ-ին, երբ ԴԱԻՇ-ը սկսեց կոտորել անմեղ եզդիներին: Հայերը «այլևս երբե՛ք» էին աղաղակում 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն, այս հանցագործությունների կրկնությունը ողջ աշխարհում դեռ շարունակվում է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել , որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան ընդունվել էր գրեթե 7 տասնամյակ առաջ, որը նշանակալից իրադարձություն էր: Բայց միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ տեղի չունենան: Կանխարգելման կայուն մեխանիզմներ են պահանջվում: Պատշաճ նախազգուշացումը, արձագանքը ցեղասպանածին միջավայրին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը խիստ էական դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում:

«2015 թ. մարտին, Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից: Ավելի քան 70 պետություններ միացան Հայաստանին և համահեղինակեցին բանաձևը: Այս բանաձևի հիման վրա, 2015 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»»,- իր ելույթում փաստել է Հերմինե Նաղդալյանը՝ համոզմունք հայտնելով, որ միայն համատեղ ջա նքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանության չարիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում