Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Bianet-ը, արարողությանը մասնակցել են Թուրքիայի մարդու իրավունքների ընկերության Ստամբուլի մասնաճյուղի, Եվրոպայի հակառասիստական շարժման և Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամները:

Ներկաները ձեռքներում պահել են անգլերեն և թուրքերենով գրված պաստառներ հետևյալ կոչերով` «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը», «Ներողություն խնդրիր», «Փոխհատուցիր»: Հավաքվածները պահել են ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների լուսանկարները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըի, 2012 թվականին իր իսկ տանը սպանված Մարիցա Քյուչուքի լուսանկարները:

Ոգեկոչման արարողության սկզբում հրապարակում հավաքվել է մի խումբ, որը սկսել է ազգայնական «Գորշ գայլերի» նշանն անել և հայտարարել, թե իրենք «Էնվեր փաշայի զինվորներն են»: Ոստիկանության միջամտությամբ խումբը հեռացվել է այդ վայրից:

Հավաքվածները պահանջել են Թուրքիայից դադարեցնել ժխտողականությունն ու առերեսվել պատմական ճշմարտության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում