Երևանում տեղի ունեցավ հայերեն կրկնօրինակմամբ «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

Հայոց ցեղասպանությանն անդրադարձող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ ապրիլի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ներկայացվեց հայերեն կրկնօրինակմամբ:

«Այս կինոնկարի միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք մեր խնդիրը: Կարծում եմ` կարևոր է, որ դրա մասին աշխարհին պատմում ենք ոչ թե հայերս, այլ հանրահայտ հոլիվուդյան դերասանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` նշեց «Շարմ Հոլդինգ»-ի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը և հավելեց, որ ֆիլմը բարձր մակարդակով է նկարահանված, և այն կարող են դիտել տարբեր ազգերի, դավանանքի մարդիկ, քանի որ կինոնկարում կա սեր, գեղեցիկ մարդկային հա րաբերություններ:

Ղազարյանի խոսքով` «Շարմ Հոլդինգ»-ը Հայաստանում ֆիլմի ցուցադրման իրավունքը բավականին ուշ է ձեռք բերել և կարճ ժամանակում են իրականացվել հնչյունավորման և այլ աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ դեռ հնարավորություն կստեղծվի ֆիլմի դերասանական կազմին ու ռեժիսորին հյուրընկալել Հայաստանում:

Կինոժապավենում ձայնագրվել են «Հովեր» կամերային երգչախումբը և Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

«Մեզ առաջարկեցին Կոմիտասի պատարագից մի հատված կատարել, և մենք սիրով համաձայնվեցինք: Հարուստ տեսարաններով ֆիլմ է, որն աննախադեպ է ու հաջողված»,– ասաց «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

Լիպարիտ Ավետիսյանն ընդգծեց, որ ոգևորությամբ է համագործակցել «Հովեր» երգչախմբի հետ, որն իր սիրելի կոլեկտիվն է: «Հպարտ եմ, որ մեր ներդրումն ունեցանք այս ահռելի աշխատանքում»,- ասաց նա:

«Շարմ Հոլդինգ»-ի նախաձեռնությամբ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սիրանուշ Լազյանը և այլք:

Անժելա Սաֆարյանի կերտած կերպարին` Մարալին, հնչյունավորած դերասանուհի Սիրանուշ Լազյանն ասաց, որ հպարտ է արմատներով հայ դերասանուհու հնչյունավորելու համար և ցանկանում է, որ իր կերպարին դիտելով կրկին գնահատենք հայ կնոջը` համբերատար, սիրով լի:

Հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում