Ադրբեջանական իշխանությունները բանտերի և աշխարհազորայինների միջոցով ճնշում են բողոքի դրսևորումները

Հոդվածը հրապարակվել է «Ռոյթերս» լրատվական գործակալության կայքում ս.թ. ապրիլի 18-ին:

Հեղինակել են գործակալության լրագրողները, լրացուցիչ զեկույցներ են տրամադրել Ստեֆեն Ջյուկեսը՝ Միլանից և Գաբրիելա Բաժինսկան՝ Բրյուսելից: Խմբագրել են Էնդրյու Օսբորնը և Պետեր Գրաֆը:

Ղուբա, Ադրբեջան (Ռոյթերս) – Նավթի գների անկման հետևանքով սննդի թանկացումները նախորդ տարի Ադրբեջանում հանգեցրեցին աննախադեպ բողոքի ցույցերի, որոնք, սակայն, կանխվեցին ոստիկանության բռնաճնշում¬ների և խորհրդային ոճի աշխարհազորայինների տեղակայման միջոցով:

«Ո՞վ կցանկանա իր կյանքի մնացած մասն անցկացնել բանտում»,- ասաց տաքսու վարորդ Ուզբեկը՝ նշելով, որ նա մեկ ամսով բանտարկվել է սրընթաց աճող գների դեմ Ղուբայում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելու համար:

Նախորդ տարվա հունվարի բողոքի ակցիաները նավթ և գազ արդյունահանող այս երկրում, որը սկսած 1990-ականներից կառավարվում է միևնույն ընտանիքի կողմից, արթնացրեցին անկայունության ուրվականին։ Ոստիկանությունը բռնի ուժով ճնշեց այդ ցույցերը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, մահակներ և արցունքաբեր գազ:

Նման կոշտ հակազդեցությունը պարունակում է պոտենցիալ վտանգներ Եվրոպական միության և ԵՄ ընկերությունների համար, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ խողովակաշարի կառուցման հարցերում՝ ադրբեջանական գազը մինչև 2020թ. Եվրոպա հասցնելու նպատակով:

ԵՄ-ն շահագրգռված է նախագծի իրագործմամբ, քանի որ այն կկրճատի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Սակայն ԵՄ-ն չի ցանկանում, որ այն դիտարկվի որպես նախագիծ, որը հարստացնում է մի կառավարության, որ քրեականացնում է բողոքի խաղաղ ցույցերը և բանտարկում յուրաքանչյուր մարդու, որ չի ցանկանում հնազանդվել:

Երեք տարբեր շրջանում՝ Ղուբայում, Սիյազանում և Շաբրանում ցուցարարների հետ հարցազրույցներից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ընդվզումների ճնշման նման ձևերը պետք է մտահոգիչ ազդանշան լինեն քաղաքական որոշումներ կայացնողների համար:

Նրանք խոսում էին մասսայական ձերբակալությունների և բանտար¬կում¬ների, ոստիկանական բռնությունների, որպես պատիժ՝ պետական աշխատանքներից հեռացումների և ոստիկանության կողմից ավելի երկարաժամկետ ազատազրկումների սպառնալիքների մասին:

Իշխանությունները, վերակենդանացնելով խորհրդային գործելաոճը, համայնքային աշխարհազորայինների շարքեր ընդունեցին տեղացի կամավորների: Առաջին հայացքից ենթադրվում էր, որ աշխարհազորայինները պետք է աջակցեին ոստիկանությանը մանր օրինազանցությունների դեմ պայքարում, սակայն բնակիչների հավաստմամբ, նրանց գործառույթներից է ոստիկանությանն այլակարծության յուրաքանչյուր դրսևորուման մասին հաղորդելը։

Բաքվից 90 կմ (55.92 մղոն) հեռավորության վրա գտնվող Սիյազան ավանից Արուն անունով մի ուսանող հայտնեց, որ այդ ավանում մոտ 50 մարդ է ձերբակալվել, իր ճանաչած մարդկանց մեծ մասը մոտ մեկ ամսով ազատազրկվել է, իսկ ոմանց պահել են ընդհուպ մինչև վեց ամիս, որոշներին էլ ոստիկանները ծեծի են ենթարկել:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության խոսնակ Էհսան Զահիդովն այն առիթով հայտարարել է, որ ոստիկանության անօրինականությունների մասին պնդումները չափազանցված են։ «Ձերբակալվածներից և ոչ մեկից մենք բողոք չենք ստացել», – ասել է նա Ռոյթերսին՝ շարունակելով․ «Եթե նրանց հանդեպ վատ են վերաբերվել, ապա ինչո՞ւ չեն բողոքել: Նրանք կարող էին իրենց հայցերը ներկայացնել նաև դատարան: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Անդրատլանտյան խողովակաշարի ընկերության իտալական գրասենյակը, որը պատասխանատու է ադրբեջանական գազը Իտալիայի հարավ հասցնելու նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար, չցանկացավ մեկնաբանել բռնաճնշումները: Էներգետիկայի ոլորտի իտալական «Սնամ» ընկերությունը, որը հանդիսանում հիշյալ նախագծի 20 տոկոսի բաժնետերը, նույնպես հրաժարվեց մեկնաբանել իրադրությունը, ինչպես և Իտալիայի արդյունաբերության նախարարը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՈՒՄ

Իլհամ Ալիևը, որը 2003թ. հոր մահից հետո իշխանության եկավ, վերջին շրջանի անհնազանդությունների ֆոնի ներքո ավելի ակնհայտ քայլեր ձեռնարկեց իշխանութ-յունն իր ընտանիքի ձեռքերում կենտրոնացնելու ուղղությամբ:

Նախորդ տարի հանրաքվեի միջոցով նա փոփոխության ենթարկեց սահմանադրությունը, ինչի արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարվա փոխարեն երկարաձգվեց մինչև յոթ տարի, իսկ փետրվարին իր կնոջը նշանակեց փոխնախագահի պաշտոնին:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ալիևը պլանավորում է իշխանությունն էլ ավելի կենտրոնացնել՝ իր մերձավոր դաշնակցին նշանակելով վարչապետի պաշտոնին, երբ թոշակի անցնի ներկայիս վարչապետ, վետերան Արթուր Ռասիզադեն:

«Նա կփոխարինվի մի մարդով, որը մոտ է կանգնած իշխող ընտանիքին», Ռոյթերսին հայտնեց անկախ վերլուծաբան Լեյլա Ալիևան:

Ալիևի աջակիցներն ասում են, որ նրա շնորհիվ երկրում ապահովվում են կայունությունը, մոդերնիզացիան և Եվրոպայի հետ սերտ հարաբերություն¬ները: Ցուցադրական նախագծերի թվում էին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի, 2015թ. առաջին Եվրոպական խաղերի և «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի հյուրընկալումը երկրում:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Ալիևի կառավարությանն ընդդիմադիրներին լռեցնելու և ազատազրկելու մեջ, մի բան, որը ադրբեջանական իշխանությունները չեն ընդունում:

Անկում ապրող նավթի գները ծանր հարված հասցրեցին Ադրբեջանին, որի պետական եկամուտները մոտ 75 տոկոսով կախված են նավթի և գազի վաճառքից: 2016թ. տնտեսության տարեկան անկումը կազմեց 3.8 տոկոս, իսկ ինֆլյացիան հասավ մինչև 12.4 տոկոսի:

Ազգային արժույթը՝ մանաթը, կտրուկ անկում ապրեց և երկրի կառավարությունը ստիված եղավ երկու անգամ այն պաշտոնապես արժեզրկվելու: Արդյունքում՝ ներմուծումը դարձավ ավելի թանկ՝ բարձրացնելով հացի, ալյուրի և նմանօրինակ ապրանքների գները:

Կովկասյան լեռների ստորոտին տեղակայված 38 հզ բնակչությամբ Ղուբայի ցուցարարների հավաստմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդ, որոնք ազատազրկվել են մոտ մեկ ամսով:

Այսօր Ռուսաստանի սահմանին մոտ տեղակայված ագրարային Ղուբայի փողոցներում չկան ոստիկանական հավելյալ ուժերի տեսանելի նշաններ: Սակայն բնակիչների խոսքով՝ ներկայումս նույնիսկ աննշան հասարակական վեճերն արագորեն կասեցվում և պատժվում են ոստիկանության կողմից:

Մրգավաճառ Էխթիրամը պատմեց, որ նախորդ տարվա ցույցերին մասնակցելու համար նա ձերբակալվել է: Նա բողոքեց, որ գները շարունակում են մնալ բարձր, իսկ մաքսային մարմինների աշխատակիցների շրջանում տարածված կոռուպցիան շարունակում է ընդլայնվել: Նրա խոսքերով՝ աշխարհազորայինների ստեղծումը, որն արթնացրեց խորհրդային ժամանակաշրջանի հիշողություններ, էլ ավելի խորացրեց ժողովրդի վախերը․ «Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր հետևում և լսում են ուրիշներին և հետո հայտնում են ոստիկանությանը»։

Օրենքի համաձայն՝ նրանք պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի մարդիկ իմանան, թե ովքեր են նրանք: Գործնականում, ցուցարարների հավաստմամբ, նրանք կրում են հասարակ հագուստ, որպեսզի դժվար լինի նրանց տարբերել:

«Այս կառույցը ստեղծվել է բացառապես մեր երկրում ռազմա-ոստի¬կանական ռեժիմի ամրապնդման նպատակով», – դժգոհեց Արիֆ Գաջիլին՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում