Թբիլիսիում քննարկվել են վրաց-թուրքական ռազմական համագործակցության խորացման հեռանկարները

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: 

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության, տարածաշրջանային մակարդակով ռազմավարական համագործակցության եւ Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս կապակցությամբ նրանք նշել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան- ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:

Նրանք նաեւ ուշադրություն են հատկացրել Լեւան Իզորիայի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցին եւ նշել, որ դա կնպաստի երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան է այցելել Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ռաքվիաշվիլիի հրավերով: Թուրքիայից ժամանած հյուրի հետ արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել է Sputnik-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում