Հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի և հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տան բնակիչ Էմիլ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկի հետ կնքած վարկային պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների չկատարման կապակցությամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կ.-ն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք է կատարել, որի հետևանքով շարժական գույքի փոխարեն էլեկտրոնային աճուրդի է հանվել իր բնակարանը: Ըստ Էմիլ Պ.-ի` հարկադիր կատարողը, առանց իր բնակարան այցել ելու, աշխատասենյակում կեղծ արձանագրություն է կազմել այն մասին, թե, իբր, կատարողական վարույթի շրջանակներում այցելել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տուն, սակայն այնտեղ բռնագանձման ենթակա գույք չի եղել: Մինչդեռ, ըստ Էմիլ Պ.-ի, իր տանն առկա է եղել բռնագանձման ենթակա` 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի գույք: Քաղաքացու պնդմամբ, հարկադիր կատարողի կողմից հիշյալ հանգամանքն արձանագրելու դեպքում, էլեկտրոնային աճուրդի կհանվեր ոչ թե վերը նշված բնակարանը, այլ նրանում առկա շարժական գույքը:

Այսպիսով, Էդուարդ Կ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում