Ալեքսանդր Լևիտասն իր փորձը կբերի Հայաստան. «Չոր մարքեթինգ»-ում նոր պրակտիկա է ձևավորվում

Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած կրթության ոչ ֆորմալ ձևաչափը վերջին տարիներին սկսել է զարգանալ նաև Հայաստանում: Հետզհետե ավելանում է ոչ ֆորմալ կրթություն ստանալ ցանկացողների թիվը: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ ժամանակակից աշխարհում բուհական կրթությամբ բավարարվող մասնագետը չի կարող պահանջված լինել երկար ժամանակ: Ոչ ֆորմալ կրթությունը կարևորողների մյուս մասը տնտեսության հետ անմիջկանորեն առնչվող մարդիկ են` գործարարները: Շուկայական մրցակցությանը դիմանալու համար գործարարը նախ` պետք է ճանաչի շուկան ու սպառողի պահանջմունքները, հետո` փորձի բավարարել դրանք: Այդ և գործունեության ընթացքում ծագող այլ հարցեր տարեկան շուրջ 600 հայ գործարարներ փորձում են լուծել «Չոր մարքեթինգ» կուրսի օգնությամբ: Այս կուրսի ու համանուն գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանի հետ Times.am-ի զրույցը` ստորև.

– Ինչպե՞ս է ծագել «Չոր մարքեթինգ» կուրսի գաղափարը:

Սեմինարը ծնվեց «Չոր մարքեթինգ» գրքից: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց գործարարների մոտ և զգացի, որ սեմինարների պահանջարկ կա, ու մեկ-երկու փորձնական դասընթացից հետո սկսեցինք պարբերաբար կազմակերպել: Ու հիմա արդեն ունենք հստակ պարբերականությամբ, մեկ-մեկուկես ամիս տևողությամբ գործող կուրսեր, որոնց մասնակցում են գործարարներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից ու Արցախից: Բիզնեսը զարգացնելու համար ներդրումներից ավելի կարևոր է ճիշտ մարքեթինգը: Մենք ժամանակի ընթացքում ստեղծել ենք, այսպես ասած, մի կառույց, որը նման է մարքեթինգային դպրոցի, այսինքն` տեսնում ենք, թե ինչ խնդիր կա շուկայում և փորձում ենք գտնել լուծումները: Ոչ ֆորմալ կրթությունն, առհասարակ, արագ փոփոխությունների հնարավորություն է տալիս, ինչը հնարավոր չէ իրականացնել բուհական համակարգում:

– Ի՞նչ է տալիս կուրսը գործարարին:

-Մեր նպատակը մարքեթինգային տարբեր գործիքների միջոցով բիզնեսը զարգացնելն է, այսինքն` վաճառքների ծավալը մեծացնելը: Ավելի լավ պատկերացնելու համար, երևի, վիճակագրություն ներկայացնեմ: Անցած տարին ամփոփելով` ստացել ենք հետևյալ պատկերը. մասնակիցների 92 տոկոսի մոտ արձանագրվել է դրական աճ: Մեկի մոտ կարող է 5 տոկոս է կազմել աճը, մյուսի մոտ` 50, բայց, միջին հաշվով, 20 տոկոս աճ է գրանցվել: Աճը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով. մարքեթինգային ամենատարբեր գործիքների կիրառմամբ, գործարար կապերի հաստատմամբ և այլն: Վերջինը շատ կարևոր է, և կուրսի մասնակիցները ստանում են այդ հնարավորությունը`այն ավարտելուց հետո դառնալով «Չոր մարքեթինգ» ակումբի անդամ»: Դա մի հարթակ է, որտեղ ներառված են տարբեր ոլորտների գործարարներ: Նրանք միմյանց օգնում են` թե´ իրար հարթակ տրամադրելով, թե´ կիսվելով իրենց փորձով: Ներկայումս ակումբն ունի 350 գործարար-անդամ` տարբեր ոլորտներից:

– Ի՞նչ նորություններ են սպասվում «Չոր մարքեթինգ» կուրսի մասնակիցներին առաջիկայում:

-Հիմա ուզում ենք նոր պրակտիկա ձևավորել` հրավիրել արտասահմանյան մասնագետների, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը կբերեն այստեղ: Առաջին հադիպումը նախատեսվում է Ռուսաստանում և Իսրայելում պարտիզանական մարքեթինգի ամենահայտնի մասնագետ, մի քանի բեսթսելլերների հեղինակ Ալեքսանդր Լևիտասի հետ:

– Որո՞նք են Հայաստանում գործարարությանը խոչընդոտող հիմնական գործոնները:

-Տնտեսության հիմքը գործարարներն են: «Google»-ը, «Apple»-ը, «Facebook»-ը աշխարհը գրավել են, որովհետև պայմաններ են ստեղծվել դրանց զարգացման համար: Հայաստանում չկան նման պայմաններ: Բիզնեսի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը` առողջ մրցակցությունը, բացակայում է: Ավելին` ջերմոցային պայմաններ են ստեղծված այն գործարարների համար, ովքեր կամ պաշտոն են զբաղեցնում կամ էլ ունեն հովանավոր պաշտոնյաներ: Նման ձևով առաջ գնացող բիզնեսը չի կարող երկար կյանք ունենալ: Իսկ արդար գործարարը անհավասար մրցակցային պայմաններում տուժում է: Բացի դրանից, կա ևս մեկ կարևոր խնդիր, որը նոր չի ծագել և ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ հիմնավորումները: Խոսքը հասարակության մեջ գործարարի հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքի մասին է: Այն կարծատիպը, որ եթե գործարար է, ուրեմն պետք է խաբի, դեռևս խորհրդային տարիներին է ձևավորվել: Ճիշտ է` կան մարդիկ, ովքեր խաբում են, բայց դա չի նշանակում, թե բոլորն են այդպես: Մեր գլխավոր խնդիրը հենց գործարարների հանդեպ ճիշտ վերաբերմունք ու պայմաններ ստեղծելն է:

Հավատացեք, եթե գործածարության զարգացման համար պայմաններ ստեղծվեն, ապա մեր տնտեսությունը արագ տեմպերով կզարգանա: իսկ տնտեսության զարգացումը ենթադրում է նաև բնակչության կենսամակարդակի բարձրացում:

Հարցազրույցը` Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում