«Ժողովուրդ». Ադրբեջանը կարող է միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Արդեն մի քանի օր է՝ Երևանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղի վրա գրված է Ադրբեջան: Հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համատարած կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու և ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով: Մինչդեռ պարզվում է, հայկական օրենսդրությունն ամենևին էլ չի արգելում հարևան երկու պետություններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից, ապրանքների ներկրումը: Նշենք, որ դեռ մինչև 2013-ի հունիսի 7-ը գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009-ի սեպտեմբերի 15-ի N-220 Ա հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես արգելված է «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Այդ հրամանն արձակել էր ՕԵԿ քվոտայով ԳՆ նշանակված Գերասիմ Ալավերդյանը, իսկ նրան հաջորդած Սերգեյ Կարապետյանը հրամանը չեղյալ է հայտարարել: Ու այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական և թուրքական ծագում ունեցող կենդանական և բուսական ցանկացած հումք ու մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Իսկ եթե ազգայնական շրջանակներն իսկապես մտահոգված են կատարվածով, ապա պետք է նախևառաջ պահանջեն օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանել հարևան երկրներից ապրանքներ ներկրելու համար:

Մյուս կողմից, իհարկե, հասկանում ենք անհանգստությունը, որ կարող է երկիրը, որի հետ հակամարտության մեջ ենք, միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ: Ահա այստեղ էլ անելիք ունեն ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն, և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոնք մաքսազերծելուց և ապրանքը ՀՀ մուտք գործելուց առաջ պետք է նախապես հավաստիանան, որ դրանք անվտանգ են և կարելի է անվնաս օգտագործել: Իսկ ռիսկային ապրանքները, ինչպիսին ադրբեջանական խնձորն է, առավել խորը ուսումնասիրել: Հետգրությամբ թերթը հավելել է.«Երեկ, կեսգիշերին մոտ, հայտնի է դարձել, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից և ոչնչացնել: ՍԱՊԾ պարզաբանման մեջ նաև նշված է, որ խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել և իրենք չեն կարող երաշխավորել դրանց անվտանգ լինելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում