Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել Չեխիայի հայությանն ու ողջ հայ ժողովրդին ուղղված ցավակցական նամակով՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին ապրիլի 24-ին ուղղված նամակում, որը հրապարակված է Չեխիայի նախագահի պաշտոնական կայքում, Զեմանն ի մասնավորի նշել է․ «Անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները վատթարագույն վայրագություններից մեկն էր, որին մարդկությունը արդի ժամանակներում ականատես է եղել»։

Չեխիայի նախագահի կարծիքով, թեև պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, չի կարելի չհիշել այն ​​իրադարձությունները, որոնք «ոչ միայն խլեցին 1,5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:

Ամփոփելով նամակը՝ Զեմանն արձանագրում է «Թույլ տվեք․․․ Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում