Ու՞մ անփութության պատճառով է ադրբեջանական խնձորը հայտնվել հայկական շուկայում

Երկու օր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որ երևանյան բակային խանութներից մեկում վաճառվում է ադրբեջանական ընկերության խնձորներ, ընդորում վաճառվում է նույն արկղերով, որով ներմուծված է և որոնց վրա մականշված է արտադրության հասցեն՝ այն է Ադրբեջան:

Բնականաբար եթե վաճառողները փոխեին արկղերը, այդպես էլ մենք՝ սպառողներս ոչինչ չէինք իմանա այդ խնձորների ծագումնաբանության մասին: Ավելին՝ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ դրանք ներմուծված են Ադրբեջանից, թեկուզև տարանցիկ ու մաքսանենգ ճանապարհներով:

Ո՞վ է պատասխանատու այդ ապրանքների ներկրման համար: Բնականաբար ամենահեշտ ճանապարհը ներկրողին մեղադրելն է ու պետք է մեղադրել:

Սակայն առաջանում են բազմաթիվ հարցեր: Ո՞ւր է նայում մեր մաքսային ծառայությունը, որտե՞ղ է սննդի անվտանգության պետական ծառայությունը: Այս պարագայում հնարավոր է սոսկ երկու մոտեցում: Կամ մաքսային ծառայությունը տեղյակ էր ներկրվող ապրանքների ծագումնագանությունից, կամ ոչ: Եթե տեղյակ էր, ապա միանշանակ առկա է կոռուպցիոն գործոնը: Իսկ եթե տեղյակ չէր, նշանակում է, որ պատկան մարմիններն իրենց տեղում չեն: Նշանակում է, որ մեր մաքսային ծառայության արդյունավետությունը գրեթե զրո է: 

Հետևաբար ցանկացած ոք կարող է ներմուծել կամ մաքսանենք ճանապարհով Հայաստան հասցնել ինչ մտքով անցնի, առանց հանդիպելու որևէ արգելքի:

Ինչ վերաբերում է սննդի անվտանգության պետական ծառայությանը, ապա անհասկանալի է այդ կառույցի գործունեության իմաստը, եթե չի կարողանում արդյունավետորեն իրացնել իր աշխատանքային բուն պարտականությունները:

Տվյալ պարագայում ֆեյսբուքյան մեկ օգտատիրոջ գործողությունները շատ ավելի արդյունավետ ստացվեցին, քան այդ երկու ծառայությունների աշխատանքը միասին վերցրած:

Դեռ չէինք մարսել թուրքական պոմիդորների վերաբերյալ աղմկոտ հայտարարությունը համաձայն որի այդ պոմիդորները աճեցվում են թունաքիմիկատներով ու միայն արտահանման համար, երբ դրան հաջորդեցին ադրբեջանական խնձորները: Ի դեպ այդ պոմիդորների հետ կապված էլ կարծես ՍԱՊԾ-ը որևէ մեկնաբանություն չարեց:

Իհարկե կարող ենք հանդիպել դեմագոգիկ հակաճառությունների, որ վրիպում բոլորի հետ էլ կարող է պատահել: Սակայն եկեք համաձայնվենք, որ արկղերով խնձորները մեկ տուփ լուցկի չէին, որ արդարացումը ընդունելի լիներ: Նման դեպքերում լավ կլիներ կառավարությունը, որի ենթակայության տակ են գտնվում այս երկու կառույցները, իրենց նիստերին շուի ատրիբուտներ հաղորդելու փոխարեն, մտահոգվեին տեղի ունեցածով հետագայում նման երևույթներ թույլ չտալու համար:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում